Հիբրիդային համաշխարհային պատերազմ է սկսվել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդգծել է, որ այս պատերազմը հավասարապես քրիստոնյաների, մահմեդականների եւ հրեաների դեմ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հիբրիդային համաշխարհային պատերազմ է սկսվել։ Facebook-ի իր պաշտոնական էջում նման դիտարկում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիեննայում երեկ տեղի ունեցած հարձակումներին, որոնք տեղի իշխանություններն արդեն ահաբեկչություն են որակել։

«Ինձ համար ակնհայտ է, որ հիբրիդային համաշխարհային պատերազմ է սկսվել, և որքան աշխարհը շարունակի անտեսել այն, այնքան ավելի տեսանելի կդառնա։ Այս պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մահմեդականների եւ հրեաների դեմ»,- գրել է Փաշինյանը։

Ահաբեկչություն Վիեննայում. կան զոհեր ու վիրավորներ

Վարչապետն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղն այդ պատերազմի հակաահաբեկչական ճակատն է։

Նա կրկնել է այն միտքը, որը բազմիցս միջազգային լրատվամիջոցների հետ հարցազրույցներում է նշել. «Այստեղ, առանց չափազանցության, լուծվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը»։

«Քաղաքակրթությունը պետք է հաղթել։ Մենք քեզ հետ ենք, Վիեննա»,- ամփոփել է վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Անցորդներից մեկը տեղում սպանվել է, մյուսն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ 15 մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան, վիրավորվել է։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։

Ահաբեկչությունը դատապարտել են մի շարք երկրներ ու պետությունների ղեկավարներ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։