ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ի իր էջում անդրադարձել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կատարված ահաբեկչությանը։
«Ուր նայում ես` բարբարոսություն և ահաբեկչություն է։ Հիմա էլ` Վիեննայում։ Շատ զայրացած եմ այս սարսափելի հարձակման համար։ Հայտնում եմ լիակատար համերաշխությունս Ավստրիայի մեր ընկերներին։ Հայերը Լեռնային Ղարաբաղում նման ահաբեկիչների դեմ են պայքարում, որոնց հովանավորում են Թուրքիան և նրա հաճախորդ Ադրբեջանը», – գրել է Մնացականյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։ Վիեննայի ահաբեկչության հետևաքնով սպանվել է 4 քաղաքացի, վիրավորում ստացել 22-ը։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը