Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել

Ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի` արցախյան պատերազմում ներգրավվածությունը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Կառավարությունը դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով:

Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին

Դատարանին ներկայացված ապացույցների մեջ կան նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններ։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը