ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գնաճի չի հանգեցնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Երկրի սպառողական շուկայում չկա ոչ մի հատված, որտեղ թուրքական ապրանքները բացարձակ առավելություն ունեին։ Հետևաբար, ոչ մի գնաճ չի լինի։ Ներմուծումը կլրացվի այլ շուկաներից։ Չեմ կարծում, որ մեր կյանքում որևէ բան տեղի կունենա», – ասել է նախարարը։
Նա նշել է, որ ռազմական դրությունն ու կորոնավիրուսի համավարակը խիստ բացասական են անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։ Ըստ նրա` տարին կփակվի 6 տոկոսանոց անկումով, իսկ հաջորդ տարվանից Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կանխատեսվում են 4-ից 5 տոկոսի սահմաններում։
«Եթե ռազմական դրությունը առանձնահատուկ է մեր տնտեսությանը, համավարակը ամբողջ աշխարհն է պատել և նույնիսկ աշխարհում հնարավոր չէ պատասխան գտնել, թե ինչպիսի վերջնական ազդեցություն դա կթողնի տնտեսությունների վրա: Դրա համար մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր պահի, երբ դա էական է դառնում, կանգ ենք առնում ու վերագնահատում ենք մեր նախկինում տված գնահատականները», - ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։
Ի պատասխան հանրային դժգոհության` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։
Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա
Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի` կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։
Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։