Երևան–Բաքու թեժ գիծ և ոչ միայն. ի՞նչ է առաջարկում ՌԴ–ն հրադադարի ռեժիմի պահպանման համար

ՌԴ արտգործնախարարը մի քանի մեխանիզմներ է նշել, որոնց միջոցով կարող է վերահսկվել և պահպանվել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն հրադադար դժվար է ձեռք բերել առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին համաձայնագրերի։ Այս մասին «Կոմերսանտ» պարբերականին տրված գրավոր հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հրադադարի մասին խոստումները, որոնք չեն ապահովվում վերահսկման մեխանիզմներով, միշտ չէ, որ կատարվում են: Հոկտեմբեր 10-ի մոսկովյան հայտարարությունում ասվում է, որ լրացուցիչ համաձայնեցվելու են հրադադարի ռեժիմի պահպանման հատուկ պարամետրերը: Այս հարցի լուծման համար կան տարբեր մոտեցումներ», – ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը մի քանի մեխանիզմներ է նշել, որոնց միջոցով կարող է վերահսկվել և պահպանվել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը։ Դրանք են` կառավարման էլեկտրոնային միջոցներ (տեսանկարահանման սարքերի միջոցով, – խմբ.), Երևանի և Բաքվի միջև գործող թեժ գիծ, ԵԱՀԿ հովանու ներքո գտնվող դիտորդներ, գործողությունների իրականացում` ռազմական ուժերի մասնակցությամբ։ Սակայն Լավրովն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռ ոչ մի մեխանիզմի շուրջ համաձայնության չեն եկել։

Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին

«Մինչ այժմ հնարավոր չի եղել համաձայնեցնել բոլոր պարամետրերը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում `ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում: Հիմնական խնդիրն այն է, որ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար և ենթադրի հնարավորինս շուտ տեղակայման հնարավորությունը», – ասել է Լավրովը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը որպես հրադադարի ռեժիմի պահպանման միջոց առաջարկել էր սկանդիանվյան խաղաղապահներ տեղակայել Արցախում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը