90-ականներին էլ էին ասում` մինչև վերջ են գնալու. Սարգսյանն արձագանքել է Ալիևի սպառնալիքին

Նախագահը հիշում է, որ 90-ականներին ամբողջ աշխարհն ասում էր, որ Ղարաբաղը չի կարող հաղթել այդ պատերազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքին, առ այն, որ Բաքուն պատերազմում մինչև վերջ է գնալու։

«Այդ արտահայտությունն ադրբեջանցիների կողմից առաջին անգամ չի հնչում: Այն առաջին անգամ չի հնչում այսօր: Ես դա լսել եմ 1990-ականների սկզբին: Այդ ժամանակ առաջին ղարաբաղյան պատերազմը տևեց մի քանի տարի: Այդ ժամանակ էլ հայերը փոքրամասնություն էին կազմում, փոքր երկիր էր, չկար այնպիսի երկրի աջակցություն, ինչպիսին Թուրքիան էր, Ադրբեջանը շատ ավելի մեծ ռազմական բազա ուներ, և բոլորն ասում էին, որ Ղարաբաղը չի կարող հաղթել այդ պատերազմը, և իզուր է այդ պատերազմն ընթանում», – ասել է նախագահը։

Նրա խոսքով` ղարաբաղցիները շատ համառ են և լավատես, քանի որ կառուցում էին հիվանդանոցներ, դպրոցներ այն դեպքում, երբ պատերազմի և խաղաղության հարցը լուծված չէր:

Փաշինյանը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ. Արմեն Սարգսյանը պատասխանել է ռուս լրագրողի հարցին

«Ղարաբաղցիներն են իսկապես պայքարել մինչև վերջ: Արդյունքում պատերազմն ավարտվեց զինադադարով, որը ստորագրվեց 1994 թվականին: Այն ստորագրել են Ադրբեջանը, Ղարաբաղը և Հայաստանը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ղարաբաղցի պատերազմում կռվելու է մինչև վերջ, մինչև իր կյանքի վերջը, մինչև վերջին փամփուշտը», – ասել է Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ պատմությունը ցույց է տալիս` պատերազմի, ռազմական գործողությունների միջոցով վերջնական լուծումներ չեն լինում: Ի վերջո, մարդիկ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվեն:

«Բայց... 2020 թվականի սեպտեմբեր…». նախագահը պատասխանել է Արցախը ճանաչելու մասին հարցին

«Ցանկացած հակամարտություն վերջնական չի լուծվում, որովհետև եթե նույնիսկ Ղարաբաղում լինի էթնիկ զտումը, կարծում եք` դա կնշանակի, որ պատերազմը կավարտվի՞: Ոչ: Կգտնվեն այլ ձևեր։ Կարող եմ բերել Հայոց ցեղասպանության օրինակը: 105 տարի առաջ Թուրքիան նույնն է արել` ցեղասպանություն, առել է հայերի հողերը իր վերահսկողության տակ: Սակայն հայերն իրենց երկրի, պատմության համար պայքարը չեն ավարտել: Տեսեք, թե այս 105 տարիների ընթացքում ինչքան սերունդներ են անցել: Ռուսաստանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում ծնվեցին հայեր, որոնց պապերը և նախնիները ցեղասպանության վկաներ են եղել: Այդ մարդիկ մինչև հիմա հիշում և պայքարում են: Այդ պայքարի առաջին փուլը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է», – ասել է ՀՀ նախագահը։

Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, սակայն ԼՂ–ի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով

Միայն խաղաղ բանակցությունները բերեցին նրան, որ Ֆրանսիան և Գերմանիան ոչ միայն չեն պատերազմում հիմա, այլև դաշնակիցներ և նոր Եվրոպայի ստեղծողներն են դարձել:

ՀՀ նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում էլ կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցային, մնացած ամեն ինչ փակուղի է տանում, պատմական փակուղի։