ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Twitter-յան գրառմանը, որում վարչապետը մեր ժողովրդի համերաշխությունն էր հայտնում Ավստրիային։
Կուրցը շնորհակալություն է հայտնել բարի խոսքերի, համերաշխության և աջակցության համար։
«Դա շատ բան է նշանակում է մեզ համար այս դժվարին ժամանակներում։ Ավստրիան չի վախենա ահաբեկչական նման սարսափելի գործողություններից։ Միասին մենք կպաշտպանենք մեր բաց հասարակություններն ու ժողովրդավարական արժեքները»,- գրել է Կուրցը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Չորս զոհ կա, 18 վիրավոր։ Ահաբեկչությունը դատապարտել են մի շարք երկրներ ու պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ ցավակցություն է հայտնել Ավստրիայի ժողովրդին և հիշեցրել, որ Լեռնային Ղարաբաղն արդեն ավելի քան մեկ ամիս պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: