Ավելի քան 1000 ահաբեկիչ զոհվել կամ վիրավորվել է Արցախում. Արայիկ Հարությունյան

Մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ահաբեկչական խմբավորումներին ուղարկում են առջևից և նահանջի պարագայում կրակում են նրանց վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ավելի քան 1000 ահաբեկիչ զոհվել կամ վիրավորվել է Արցախում։ Տեղեկությունը հայտնել է Արցախի Հանարպետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում։

Հայկական ԶՈւ–ն շարունակում է դիվերսիոն խմբեր ոչնչացնել տարբեր գյուղերում. Հովհաննիսյան

«Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ։ Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ», – գրել է Հարությունյանը։

Նա նշել է, որ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից և նահանջի պարագայում կրակում են նրանց վրա։

Նախագահը խրախուսել է տեղեկատվությունը տարածել սիրիացի օգտատերերի շրջանում, որպեսզի Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները իմանան ճշմարտությունը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Կոմերսանտին» տրված հարցազրույցում ասել է, որ ԼՂ հակամարտության գոտում 2000 ահաբեկիչ կա Մերձավոր Արևելքից։ «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ» կազմակերպությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչների թիվը 2580 է։

Զգուշացվել է` անձնագիր, բջջային հեռախոս չվերցնել. վարձկանը նոր մանրամասներ է հայտնել

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը