ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իբր թե ազատագրված տարածքների մասին գրառմանը։
«Նրա գրառման մեջ հակասություններ կան նախկին գրառումների հետ, որը տեսնում ենք ոչ միայն մենք, այլև հենց ադրբեջանցիները, որոնք ֆորումներում ծաղրում են Ալիևին` ասելով` հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես», – ասաց Հովհաննիսյանը։
Բանն այն է, որ Ալիևը հայտարարել է Զանգելանի և Ջաբրայիլի ամենահարավային հատվածներում գտնվող գյուղերի գրավման մասին, սակայն ավելի վաղ ասել էր, որ այդ երկու շրջաններն ամբողջությամբ ադրբեջանական ԶՈւ–ի վերահսկողության տակ են։
«Թե որ տարածքներն են այդ կողմում հայկական վերահսկողության տակ, ես չեմ ասի, դա ռազմական գաղտնիք է, և եթե կոնկրետ գյուղերի մասին պաշտոնապես չենք նշում, ուրեմն պետք չէ», – ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը