Արցախը լքած պաշտոնյաներն աշխատանքից ազատվելու են. Արայիկ Հարությունյան

Միաժամանակ Արցախի նախագահը հնարավորություն է տվել նրանց վերադառնալու և լծվելու հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու գործին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Պատերազմի օրերին Արցախի Հանրապետությունը լքած պետական պաշտոնյաները աշխատանքից ազատվելու են։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար», – գրել է Հարությունյանը։

Միաժամանակ Արցախի նախագահը հնարավորություն է տվել նրանց վերադառնալու և լծվելու հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու գործին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը հրապարակել էր առաջնագծում գտնվող զինվորականի կին Զարինե Սարաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ նախագահին։ Նամակում օգտատերը նշում էր, որ Արցախի որոշ պետական պաշտոնյաներ սեփական մաշկը փրկելու անհագ ցանկությամբ տոգորված գտնվում են Հայաստանում՝ ակնհայտորեն խուսափելով հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց։ Սարաջյանը նշել էր, որ սպասում է արցախյան իշխանությունների ամենակոշտ գործելակերպին: