Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում որոշ ակնարկներ է արել արցախյան պատերազմում Հայաստան–ՌԴ դաշնակցային հարաբերությունների տեսանելի ու անտեսանելի դրվագների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի տարածքի նկատմամբ թշնամական ուժերի ոտնձգությունների ու այդ համատեքստում ՌԴ–ի հնարավոր միջամտության մասին հարցին, վստահեցրեց, որ Հայկական կողմը լիովին բավարարված է ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակից։

«Հայկական կողմը լիովին բավարարված է այն ամենով, ինչ այսօր տեղի է ունենում, որի համար ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՌԴ–ին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին»,– ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ դաշնակից երկրի հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ միանգամից տեսանելի է, բայց և ամեն ինչ չէ, որ սահմանափակվում է ֆորմալ հայտարարություններով։

Պուտինը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

«Ռեալ գործողությունները միշտ չէ, որ միանգամից տեսանելի են ու միանգամից կարելի է շոշափել։ Բայց եթե մի հատ հետ հայացք գցենք, նայենք, թե ինչքան ժամանակ է անցել, նայենք, թե ինչ իրավիճակի միջով ենք անցել ու կարողանում ենք պատվով դիմակայել, ակնհայտ կդառնա, որ բացի ֆորմալ նամակներից ու ֆորմալ մեկնաբանություններից, առաջին իսկ օրվանից գոյություն ունի գործընթաց, որը շատ էական ազդեցություն է ունեցել»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարել է, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։