Ադրբեջանցիները տիրանում են հայ գերիների սոցցանցերի էջերին. ՄԻՊ–ը նոր ապացույցներ ունի

Թաթոյանը խորհուրդ է տալիս ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:

Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ

«Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի»,–ասված է հաղորդագրության մեջ։

Թաթոյանը տեղեկացրել է` ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

«Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը»,–հորդորում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հրապարակման տակ Թաթոյանը ներկայացրել է ևս մի քանի ապացույց: Նա տեղեկացրել է, որ այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով:

Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

Նշենք, որ վերջին տվյալներով հայկական կողմը Ադրբեջանում մոտ 20 գերի ունի։