ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանում ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանա–թուրքական շարունակվող ագրեսիայի, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, ռազմական գործողությունների կիզակետում հայտնված արցախահայության աջակցության մասին հարցեր: Կողմերը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը թիրախավորելու առնչությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Անդրադարձ է եղել նաև սփյուռքի, հատկապես Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային մարմինների միջև փոխգործակցության խորացմանը:
Անուշ Թորանյանը Փարիզի փոխքաղաքապետ է ընտրվել 2020թ.-ի հուլիսին։ Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին։ Նա Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է։
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ