Պետական համակարգի պարգևատրումների գումարը կրճատելու քննարկումը ժամանակավրեպ է. ֆիննախ

2021թ–ի բյուջեի նախագծում պետական կառավարման համակարգի պարգևատրումների չափը 21 մլն–ով գերազանցում է 2020թ–ի բյուջեի նույն ցուցանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Պետական համակարգի պարգևատրումների չափը 2021թ–ին կկազմի 18 մլրդ 825 մլն դրամ։ Այս ցուցանիշն է դրված այսօր ԱԺ–ում ներկայացված հաջորդ տարվա բյուջեի նախագծում։ Այն, ի դեպ, 21 մլն–ով գերազանցում է 2020թ–ի բյուջեով պարգևատրումների համար նախատեսված գումարը։

Մեզ լարված տարի է սպասում. ԱԺ–ն քննարկում է 2021թ.–ի բյուջեի նախագիծը

Այս իրողության վրա այսօր նախագծի քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը` ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցնելով, թե արդյոք նոր իրողությունների պայմաններում կառավարությունը մտադիր չէ վերանայել պարգևավճարների համար հատկացված գումարի չափը։

«Պարգևատրումների անվանումը դժվար է ասել, որ արտահայտում է դրա բովանդակությունը։ Մենք այս լուծումը որպես միջանկյալ լուծում ենք ներկայացրել` այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման կամակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել ճիշտ լուծումը` ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի»,– ասաց ֆինանսների նախարարը։

Այդուհանդերձ, Ջանջուղազյանը չբացառեց, որ տարվա ընթացքում, կախված իրավիճակից, բյուջեի այդ ծախսային կետը կարող է վերանայվել, պարգևատրումների համար նախատեսված գումարը` կրճատվել։

ԱԺ արտահերթ նիստում. ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան, եկամուտները` կնվազեն

«Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին որ կա, և, կարծում եմ, որևէ քննարկում, որևէ ուղղությամբ, որևէ փոփոխության, ժամանակավրեպ է»,– ասաց Ֆինանսների նախարարը։

Նշենք, որ 2021թ–ի բյուջեի նախագիծը ՀՀ կառավարությունը մշակել է 2020թ–ի սեպտեմբերի կեսին և դրանում պատերազմի ու ռազմական դրության հնարավոր ռիսկերը նախատեսված չեն։