Նորվեգիան Արցախի բնակիչների աջակցության համար մոտ 1,5 միլիոն դոլար կտրամադրի

Թագավորությունում խիստ մտահոգված են Ղարաբաղի խիտ բնակեցված շրջաններում ընթացող ռազմական  գործողությունների մասին տեղեկություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik․ Նորվեգիայի իշխանությունները մտադիր են աջակցել հակամարտության պատճառով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 միլիոն կրոն (ավելի քան 1,5 միլիոն եվրո) ուղարկել: Այդ մասին հայտնել Է թագավորության արտգործնախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Արցախի ՄԻՊ–ը Ստեփանակերտի հրթիռակոծված շուկայից տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը

«Մեզ խիստ մտահոգում է տեղեկությունը Ղարաբաղի խիտ բնակեցված շրջաններում ծավալվող ռազմական գործողությունների մասին, որոնք առնչվում են քաղաքացիական բնակչությանը և սպառնալիքի տակ են դնում մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ծավալվող ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, հանգեցրել են փախստականների թվի աճի և քաղաքացիական բնակչության տառապանքների:

«Նորվեգիան 17 միլիոն կրոն կուղարկի մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են ի պաշտպանություն և ի աջակցություն նրանց, ովքեր ամենաշատն են տուժել հակամարտության պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ կողմերը կապահովեն մարդասիրական կազմակերպությունների անվտանգությունն ու անարգել հասանելիությունն այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն։

«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում պահպանել զինադադարը և նորից սկսել բանակցությունները։ Նորվեգիան աջակցում է խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,-նշել է նախարարը։

Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։