Ի՞նչ է ուզում անել Իրանը Արցախում. Կարեն Վերանյանը` Թեհրանի ծրագրի մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված Իրանի ծրագրին:
Sputnik
Ի՞նչ է ուզում անել Իրանը Արցախում. Կարեն Վերանյանը` Թեհրանի ծրագրի մասին

Կարեն Վերանյանի կարծիքով Իրանի առաջարկած ծրագիրը տեղավորվում է Թեհրանի տարածաշրջանային ու միջազգային ամբողջ քաղաքականության տրամաբանության մեջ, այն է՝ տարբեր հակամարտություններում, տարբեր գործընթացներում հնարավորինս թուլացնել Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի դերակատարությունը տարածաշրջանում:

Իրանը գործուն քայլերով փորձում է ներգրավվել հակամարտության լուծման գործընթացում

Ըստ փորձագետի՝ հանգամանքը, որ Իրանի անմիջական սահմանի ողջ երկայնքով տեղի են ունենում ռազմական գործողություններ, հաշվի առնելով նաև հանգամանքը, որ տարածաշրջանը թևակոխում է արտաքին շահերի ներգրավվածության բավական թեժ փուլ՝ Իրանը փորձում է շատ ակտիվ ներգրավվածություն ունենալ այս գործընթացում և իր քաղաքական գիծն առաջ տանել:

«Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանի երկրներից Թուրքիան է շատ ակտիվ, Ռուսաստանն է ակտիվ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային ուղղություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահ երկրներն են ակտիվ, որոնցից ԱՄՆ-ն առաջ է քաշում հակամարտության կարգավորման իր տարբերակը՝ սկանդինավյան խաղաղապահների առաքելության մասով։ Իրանը նույնպես փորձում է իր քաղաքական գիծն առաջ տանել»,-ասում է Վերանյանը:

Իրանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներն «արդյունավետ քննարկում» են անցկացրել Ղարաբաղի թեմայով

Փորձագետը նշում է, որ, ըստ էության, այդ ծրագրի մանրամասները, բովանդակությունը փակ է մնում, չնայած որոշ փակագծեր իրանական կողմը բացեց բանակցությունների ընթացքում: Նախ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եռակողմ ձևաչափի փոփոխության մասին: Իրանը փորձում է մի նոր ձևաչափ ստեղծել հակամարտության կարգավորման համար, որտեղ ներգրավված չեն լինի արևմտյան ուժերը, մասնավորապես ԱՄՆ-ը ու Ֆրանսիան։ Փորձ է արվում խնդիրները լուծել տարածաշրջանային երկրների մասնակցությամբ՝ Իրան, Ռուսաստան և Թուրքիա:

«Իրանի առաջարկը չի բխում Հայաստանի շահերից հարցի երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից, որովհետև հայկական կողմը մշտապես ասել է, որ Մինսկի ձևաչափը պետք է պահպանվի: Սակայն իրանական կողմի առաջարկը հարցի իրավիճակային լուծման տեսանկյունից ունի նաև դրական կողմեր: Այս պահին Ռուսաստանը և Թուրքիան շատ լուրջ լծակներ և ազդեցություն ունեն տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և Իրանի ներգրավվածությունն այստեղ հնարավորությունն է տալիս այլընտրանքային մոտեցում առաջ քաշել, այսինքն՝ մի բան է, երբ Թուրքիան և Ռուսասատանն են փորձում հակամարտության կարգավորման հարցում առաջ գնալ և մի այլ բան է, երբ երրորդ ուժն է առաջ գալիս ու իր տեսակետն է առաջարկում»,-ասում է Վերանյանը:

Ինչ է առաջարկել Իրանն Արցախի հակամարտության կարգավորման համար. նախարարը բացել է փակագծերը

Ռազմական փորձագետը մյուս կողմից ուղիղ փոխկապակվածություն է տեսնում ամերիկյան ակտիվության՝ սկանդինավյան խաղաղապահների տեղակայման առաջարկի և իրանական առաջարակ-ծրագրի միջև: Այսինքն կողմերը փորձում են միջնորդավորված դերակատարությունը ընդլայնել, մեծացնել իրենց ներկայությունը ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված իրադրության համատեքստում:

Կարեն Վերանյանը նշում է, որ մի կողմից սա դրական իրողություն է այն տեսանկյունից, որ միայն տարածաշրջանի երկրները չեն ներգրավված, կան նաև ամերիկյան, ֆրանսիական բևեռները, մյուս կողմից էլ, իհարկե, կա բացասական միտում՝ չստացվի այնպես, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը դառնա տարբեր շահերի միջև լուրջ բախման թատերաբեմ: