Գիշերային հրավառության հեղինակները կտուգանվեն. քաղաքացիների բողոքները տեղ են հասել

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է խստացնել գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների, անօրինական սարքավորված միջոցների շահագործման համար պատասխանատվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Հաշվի առնելով գիշերային ժամերին իրականացվող հրավառություններից, անօրինական սարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում առաջացող աղմուկից, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից բնակչության բողոքները`Էկոնոմիկայի նախարարությունը`ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, մշակել է նման դեպքերի կանխարգելմանն ու պատժամիջոցների խստացմանն ուղղված օրենսդրական փաթեթ։

Հրավառությունների հարցը կլուծվի՞․ Ավինյանը զբաղվում է քաղաքացիներին անհանգստացնող հարցով

Դրա ընդունումից հետո Հայաստանում անսպասելի հրավառությունները կբացառվեն։ «Հրավառության իրականացման անցկացման թույլատրելի վայրի որոշումը ընդունելուց հետո մեկ օրվա ընթացքում այն տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ հնարավորություն ընձեռնելով բնակչությանը նախապես տեղեկանալու սպասվող հրավառության մասին»,– սաված է Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում։ Մշակված նոր օրենքներով խստացվում է նաև հրավառության նյութերի վաճառքը։ Այդ գործունեության համար կպահանջվի պարտադիր լիցենզավորում։

Հրավառության «գինը». 10–ամյա Տավրոսը հույս ունի, որ կորցրած ցուցամատը հետո կվերականգնվի

Ընդ որում, կախված վտանգավորության աստիճանից, հրավառ նյութերը կբաժանվեն 6 խմբի, որոնցից յուրաքանչյուրի վաճառքի լիցենզիայի համար սահմանվում է տարեկան տուրք` 50- 300 հազար դրամ։

Բացի այդ, վտանգավորության աստիճանով պայմանավորված սահմանվում է նաև գնորդների տարիքային շեմ, որից ցածր անձանց հրավառության նյութեր վաճառելը կարգելվի։

1-ին դասի նյութերի գնորդների համար սահմանված նվազագույն տարիքը 12 տարեկանն է, 2-րդ դասի համար՝ 16, 3-րդ դասի համար՝ 18 տարեկանը։
Իսկ ավելի բարձր դասի հրավառության իրերը կարող են վաճառվել միայն հատուկ գիտելիքներ և որակավորվում ունեցող անձանց։

Գիշերային ժամերին լռության խախտման, հրավառության դեպքերի հսկողությունը կուժեղացվի

Նախարարությունը փոփոխություններ է առաջարկում նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ Հրագործական արտադրատեսակների ներկրման ու վաճառքի կանոնները խախտողները նոր օրենքով կտուգանվեն 600-900 հազար դրամով, առանց լիցենզիայի հրավառություն կազմակերպողները` 700-800 հազար դրամով, հրավառության կանոնները խախտողները, այդ թվում` գիշերային հրավառության սիրահարներն ու առանց համայնքային մարմնի համապատասխան որոշման հրավառություն անողները կտուգանվեն 200 հազար դրամով։

Էկոնոմիկայի նախարարության հեղինակած նախագծերի փաթեթն այսօր ներկայացվել է հանրային քննարկման` մինչև նոյեմբերի 18-ը։ Դրանից հետո այն կներկայացվի կառավարության, ապա` խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը։

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, 2019 և 2020 թվականների ընթացքում Հայաստանում «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեությամբ զբաղվելու իրավունք են ձեռք բերել 101 ֆիզիկական և իրավաբանական անձինք։