ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու` սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանին։
Ֆոսֆորը կարող է վնասել ոսկորներն ու ոսկրածուծը. ՊՆ-ն` Ադրբեջանի կիրառած զինամթերքի մասին
«Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերքը կիրառվել է Արցախի բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից։
Արցախի ո՞ր բնակավայրերի մոտ է ֆոսֆորային զենք կիրառվել. ՄԻՊ–ը` արգելված զինատեսակի մասին