ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարծում, թե այժմ իրավիճակն այնպիսին է, որ դիմեն լոքդաունի։ Գրիգորյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Եթե անցած փորձն ամփոփենք` ոչ միայն Հայաստանի, նաև հարևան երկրների, այս պահի դրությամբ, կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու»,– հայտնեց փոխվարչապետը։
Հարցին, թե հարկերի վճարման հետ կապված արդյո՞ք խնդիրներ կան, քանի որ գաղտնիք չէ, որ առևտրատնտեսական շրջանառությունը քիչ է, Գրիգորյանը պատասխանեց, որ չնայած դժվարություններին, հարկերը վճարվում են։ Նա նշեց, որ հարկային մուտքերը կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ ունեն, պակասուրդը շատ կլինի, սակայն կան կոմպենսացնող մեխանիզմներ, որոնք պետք է կիրառել նման դեպքերում։
Անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացմանը` Գրիգորյանը նշեց, թե որքան էլ քննադատված են կառավարության 24 ծրագրերը, դրանք շատ լուրջ դերակատարություն ունեցան։ Նրա գնահատմամբ` ծրագրերի միջոցով խնդիրների չեզոքացման ֆունկցիան կատարվեց, և դա լավ օրինակ էր, որ ծախսերը պետք է իրականացնել ոչ թե շատ, այլ՝ արդյունավետ։
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ է մինչ այս կորոնավիրուսի դեմ պայքարելու համար գնումներ կատարվել մեկ անձից առանց մրցույթի և արդյո՞ք շարունակվում է այդ գործելաոճը։ Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ, այո, կան բազմաթիվ դեպքեր, երբ գնումներ իրականացնելու գործընթացն անհնարին է եղել, ինչի հետևանքով էլ կառավարությունը դա կատաել է մեկ անձից։ Գրիգորյանը վստահեցրեց՝ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հաշվետվությունները ներկայացվելու են։
Հիշեցնեք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1194–ով և դարձել 93448։