ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեկական անձինք։ Տեղեկությունը հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Տեղեկացվում է, որ շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը այսօր նույնպես թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ:
«Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավանեսյանը, իսկ նախօրեին Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը