ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. աշխարհազորի հրամանատարության հարցում խնդիրներ կան

ՀՀ իշխանությունն Օրեր առաջ ընդունված օրենքները կյանքի կոչելիս, ամենայն հավանականությամբ, բախվել է օրենքում առկա խնդիրների, ինչի հետևանքով էլ նոր փոփոխություն է առաջարկել նույն օրենքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։

Նիստի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, օրակարգում երկու նախագիծ է`«Տեղական ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքներում փոփոխություն կատարելու մասին։

Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում

Ներկայացված երկու նախագծերն էլ առնչվում են ՀՀ տարածքում արդեն օրենքով սահմանված աշխարհազորի գոյությանն ու դրա կառավարման մեխանիզմներին։

Բանն այն է, որ դեռևս ԱԺ նախորդ արտահերթ նիստում` հոկտեմբերի 28-ին, ընդունված մի շարք օրենքների փոփոխություններով Հայաստանում արդեն իսկ պաշտոնապես ընդունվել է «աշխարհազոր» հասկացությունը։ Ըստ այդ նախագծերի` աշխարհազորը ՀՀ–ում գործելու է տարածքային սկզբունքով՝ Երևանում ու մարզերում, և պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Ընդ որում``«Տեղական ինքնակառավարման» մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն` աշխարհազորային յուրաքանչյուր միավորում ղեկավարվելու է տվյալ համայնքի ղեկավարի տեղակալի կողմից։

Բայց, ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունը կյանքի կոչելիս ՀՀ իշխանությունը բախվել է օրենքում առկա խնդրի։ Բանն այն է, որ «Տեղական ինքնակառավարման» օրենքով ոչ բոլոր համայնքներն ունեն համայնքի ղեկավարի տեղակալներ։

Կամավորականները խախտել են նախագահի հրամանն ու արժանացել նախագահի պարգևներին

Թերևս այս բացը լրացնելու համար կառավարությունը նույն օրենքում նոր փոփոխություն է առաջարկել, որով համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքը կդառնա պարտադիր, ինչն էլ հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում կազմակերպել աշխարհազորի հրամանատարական աշխատանքները։

Ինչ վերաբերում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքի նախագծին, դրանով կառավարությունն առաջարկում է հատուկ աշխարհազորի հետ տարվող աշխատանքների համար Երևանի քաղաքապետի տեղակալի նոր հաստիք սահմանել։ Փոփոխության արդյունքում քաղաքապետը կունենա ոչ թե 3, ինչպես սահմանված է ներկա օրենքով, այլ 4 տեղակալ։

Պատերազմի հետևանքով ոստիկանության բարեփոխումները կարող են հետաձգվել