ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը քննարկելու։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Հարազատ Ադրբեջանին կրկին մեր աջակցությունը հայտնելու, Ղարաբաղի վերջին իրավիճակի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար գտնվում ենք Բաքվում՝ մեր եղբայրների կողքին»,-հայտնել է Չավուշօղլուն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր արդեն իսկ բանակցություններ են ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Հանդիպման մանրամասներ հայտնի չեն։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։
Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Այս մասին ՀՀ իրավապահներին հայտնել են նաև գերի ընկած ահաբեկչական խմբերի անդամները: