86-ամյա կինը գուլպա է գործում զինվորի համար. էլ ինչ են անում գյումրեցիները հանուն Արցախի

Գյումրիում եռուզեռ է. մի տեղ կարում են, մի տեղ՝ գործում, մի տեղ էլ թափոն հավաքում կամ նկարներ վաճառում: Ու այդ ամենը՝ առաջնագծի ու  զինվորի համար:
Sputnik

Գյումրու թիվ 1 դպրոցում արդեն երկու շաբաթ է՝ աշակերտները, մանկավարժները, ծնողներն ու տնօրենը քողարկիչ ցանցեր են պատրաստում: «Սկզբում մեր դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները միացան, հետո կամավորներ՝ այլ հաստատություններից: Քողարկիչ ցանցերից արդեն ուղարկել ենք, առաջիկայում էլի կուղարկենք: Սա այն չնչինն է, որ կարող ենք անել բանակի համար»,-Sputnik Արմենիային պատմում է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։

Դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվում է նաև թղթի թափոնի հավաքում, որից ստացված հասույթը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Թուղթը զենք է» կարգախոսով:

86-ամյա կինը գուլպա է գործում զինվորի համար. էլ ինչ են անում գյումրեցիները հանուն Արցախի

Քողարկիչ զանցերի պատրաստման ու զինվորների համար ներքնաշորեր կարելու գաղափարի շուրջ մի խումբ կամավորներ էլ ամեն օր հավաքվում են Գյումրիի Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցում: «Հայկական Կարիտաս»-ի աջակցությամբ այստեղ արդեն մի քանի օր է` ներքնաշոր են կարում: 

«Արդեն 20 օր է, ինչ իրականացնում ենք այդ աշխատանքը, արդեն բավական ուղարկել ենք, բայց էլի ենք ուղարկում, կամավորների մի մասն այստեղ է օգնում, մյուսն էլ՝ տանում է տանը կարում ու բերում: Դեռ էլի անելու ենք՝ ինչքան պետք լինի»,-ասում է տիկին Սվետան (Նիկողոսյան), ու աչքերն անմիջապես արցունքոտվում են՝ որդին առաջնագծում է, երկար ժամանակ է` տեղեկություն չունի:

86-ամյա կինը գուլպա է գործում զինվորի համար. էլ ինչ են անում գյումրեցիները հանուն Արցախի

«Աստված ոչ միայն իմ բալի, այլ նաև բոլորի հետ լինի: Բոլորն էլ մեր տղաներն են: Չմտածե՛ք, որ մենակ եք, մենք բոլորս ձեզ հետ ենք՝ մենք էլ մեր զենքով: Ամեն մի վայրկյան հայ ժողովրդի ու խաղաղության համար ենք աղոթում»,-ասում է ու ավելացնում՝ պետք լինի՝ իրենք էլ առաջնագիծ կգնան:

86–ամյա Արաքսի Դեմիրճյանն էլ տանն է գուլպա գործում, ու ոչ միայն տղամարդկանց, այլև սահմանը պահող կանանց համար՝ հատուկ աչք շոյող գույներով: «Աստված տա հագնեն ու չմրսեն, իսկ ավելի լավ կլինի, որ խաղաղությունը շուտ գա ու իմ գործածները միայն տանը հագնեն»:

86-ամյա կինը գուլպա է գործում զինվորի համար. էլ ինչ են անում գյումրեցիները հանուն Արցախի

Տատը թելի խնդիր չունի, տեսողությունից էլ, փա՛ռք Աստծո, չի բողոքում,կգործի ինչքան պետք լինի, միայն թե ամեն գիշեր գլուխը բարձին դնելիս չմտածի պատերազմի մասին: