Հրթիռակոծվել է Ասկերանի արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան

Ավտոմեքենան մարդասիրական նպատակներով խմելու ջուր էր տանում շրջանի խաղաղ բնակիչներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին տանում շրջանի խաղաղ բնակիչներին:

Արցախի ՄԻՊ–ը Ստեփանակերտի հրթիռակոծված շուկայից տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը

Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել:

«Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են»,-նշված է արտակարգ իրավիճակների ծառայության Facebook-ի էջում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինուժը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հրթիռակոծելով խաղաղ բնակավայրեր, թիրախավորելով եկեղեցիներ, մշակութային շինություններ, դպրոցներ, մանկապարտեզներ ու նույնիսկ հիվանդանցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատունը։

Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ ավերված շուկայից

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։