Հրադադարից բացի, այլ բան չի համաձայնեցվել. Մնացականյանը բացահայտել է Ալիևի սուտը

Իլհամ Ալիևի հերթական մոլորեցնող հայտարարությունը մեկնաբանելով` Մնացականյանը «Sputnik International»-ի լրագրողին հիշեցրել է Ադրբեջանի խախտած երեք հրադադարի համաձայնությունների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sputnik International»-ին, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախից հայկական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը որակել է որպես «մոլորեցնող»:

«Մենք ունենք հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատվել է նաև հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին, և այդ հայտարարությունից անդին որևէ այլ բան չի համաձայնեցվել»,- ասել է Մնացականյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարությունը մեկնաբանելու` լրագրողի հարցին:

Անհետևանք չի մնա. Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի ստեղծած միջազգային ահաբեկչական ցանցին

Նախարարը նշել է, որ Հայաստանը մշտապես աջակել է հրադադարի կայուն մշտադիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: «Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու իր վաղեմի դիրքորոշումը։ 

Ցանկացած այլ մեկնաբանություն անընդունելի է. Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի նախագահի հետ

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ:

Խոսելով Թուրքիայի ներգրավվածության մասին՝ Մնացականյանը շեշտել է, որ այդ մասին վկայությունները բազմաթիվ են: Դրանց թվում է նաև Սիրիայից վարձկան-ահաբեկիչների տեղափոխումը Արցախ:

Ադրբեջանն արգելված ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Արցախում. Զոհրաբ Մնացականյան

«Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։