Արտակ Բեգլարյանը բելգիացի պատգամավորին է ներկայացրել ստեղծված հումանիտար իրավիճակը

Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ, հաղորդում է ՄԻՊ–ի գրասենյակը։

Արցախի տարածքում կա 220 դպրոց, 60 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկը հիմա չի գործում. Բեգլարյան

Բեգլարյանը հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, որոնք ամփոփված են ՄԻՊ–ի կողմից հրապարակված զեկույցներում:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար:

Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ

Նշենք, որ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 45 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորվել են 141-ը, խաղաղ բնակչության դեմ կիրառվում են միջազգային իրավունքով արգելված կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր և ծանր հրետանի, թիրախավորված հարվածներ են հասցվել Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու հիվանդանոցներին` ներառյալ Ստեփանակերտի ծննդատունը, Շուշիի մշակութային կենտրոնին և եկեղեցուն։