Անհետևանք չի մնա. Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի ստեղծած միջազգային ահաբեկչական ցանցին

ՀՀ վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կլինեն Արցախ տեղափոխված ահաբեկիչների մասին նոր վկայություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ այժմ արդեն առկա են ամբողջական ու համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան ու ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

«Սա միջազգային հանցավոր ցանց է, և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ»,- գրել է վարչապետը:

Ինչ է առաջարկել Իրանն Արցախի հակամարտության կարգավորման համար. նախարարը բացել է փակագծերը

Փաշինյանը նաև նշել է, որ առաջիկայում կլինեն այս խնդրի վերաբերյալ նոր վկայություններ:

Փաշինյանի գրառումից րոպեներ անց հայտնի դարձավ, որ ՊԲ ստորաբաժանումները հերթական ահաբեկչին են գերեվարել։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։

Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Այս մասին ՀՀ իրավապահներին հայտնել են նաև գերի ընկած ահաբեկչական խմբերի անդամները: