ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Թաթոյանը։
Արցախի ո՞ր բնակավայրերի մոտ է ֆոսֆորային զենք կիրառվել. ՄԻՊ–ը` արգելված զինատեսակի մասին
Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել նոր պայմանավորվածություններ:
Նշենք, որ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 45 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորվել են 141-ը, խաղաղ բնակչության դեմ կիրառվում են միջազգային իրավունքով արգելված կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր և ծանր հրետանի, թիրախավորված հարվածներ են հասցվել Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու հիվանդանոցներին` ներառյալ Ստեփանակերտի ծննդատունը, Շուշիի մշակութային կենտրոնին և եկեղեցուն։
Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը