ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Չնայած Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների հայտարարություններին և նամակներին, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները փաստացի ոչ մի գործողություն չեն իրականացնում, որոնք կարող են զսպել Թուրքիային և Ադրբեջանին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Արցախի հայության դեմ կատարվող պատերազմական հանցագործությունների մասին տեղեկացված են թե՛ ՄԱԿ–ում, թե՛ Եվրոպայի Խորհրդում, թե՛ ԵԱՀԿ–ում, բայց փաստացի ոչ մի գործողություն չեն անում։ Կան մի քանի դեպքեր, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայկական կողմը հաղթանակներ է գրանցել` ապացուցելով այս կամ այն պատերազմական հանցագործությունը, սակայն անգամ ՄԻԵԴ–ի որոշումներն են մնացել թղթի վրա, և Ադրբեջանն ու Թուրքիան դրան ոչ մի ձև չեն արձագանքում», – ասել է Բեգլարյանը։
Արցախի օմբուդսմենը կոչ արեց միջազգային հանրությանը` բացի ինֆորմացվելուց և կոչերից նաև կոնկրետ գործողություններ ձեռնարկել` զսպելու Թուրքիային և Ադրբեջանին։
Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ
Բեգլարյանը նաև ամփոփել է պատերազմի պատճառով տուժած քաղաքացիական հանրության վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ նրա` նոյեմբերի 1-ի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 45 խաղաղ բնակիչ է սպանվել, 141–ը վիրավորվել են, 24 հազար երեխաներ զրկվել են կրթության իրավունքից, 100 հազար մարդ լքել են տները և դարձել ժամանակավոր փախստականներ։
«Ես չեմ կարող ասել` որքան մարդ է հիմա մնացել Արցախում, բայց մոտ 100 հազար մարդ դիմել է կամ ներքին փախուստի` Արցախի Հանրապետության տարածքում, կամ ժամանակավորապես տեղափոխվել է Հայաստան։ Արցախի տարածքում կա 220 դպրոց, 60 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկը հիմա չի գործում։ 24 հազարից ավելի երեխաներ զրկված են դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու իրավունքից, և անգամ եթե նրանք Հայաստանում դպրոց են գնում, դա նրանց համար ամբողջական կրթություն չէ, քանի որ նրանք կտրված են իրենց բնական միջավայրից», – ասել է օմբուդսմենը։
Բեգլարյանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները` միջազգային իրավունքով արգելված կասետային ռումբերի, սպիտակ ֆոսֆորի և ծանր հրետանու գործածումը խաղաղ բնակչության դեմ, թիրախավորված հարվածներ Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու հիվանդանոցներին` ներառյալ Ստեփանակերտի ծննդատունը, Շուշիի մշակութային կենտրոնին և եկեղեցուն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին