ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։
«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։
Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:
Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:
Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ