ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված նամակը, ասել է, որ խորհրդակցությունները շուտով կսկսվեն, և արագ որոշումներ կկայացվեն։
«Ռուսաստանը նույնպես ստեղծված իրավիճակը գնահատում է իբրև սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար սպառնալիք են իր սահմանի մոտ հակամարտությունները։ Երբ Ռուսաստանում որոշում էր ընդունվում Սիրիայի նախագահի կողմից հրավերն ընդունել և մտնել Սիրիա, հիմնական հիմնավորումն այն էր, որ ահաբեկիչները չգան Ռուսաստան և ԱՊՀ պետություններ»,- նշեց Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ժամանակին ճիշտ է գնահատել իրավիճակը, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացվել են։ Հարությունյանը հիշեցրեց` երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, տարածքի մոտ ութսուն տոկոսը վերահսկում էին ահաբեկիչները։ Իսկ հիմա ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում են։
Հարությունյանը շեշտեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են և քննարկում են անվտանգային հարցերը։
«Դուք գիտեք՝ ռուսական զորքն այսօր կանգնած է Ղարաբաղ-Հայաստան սահմանին՝ Տեղ գյուղում, ինչպես նաև ուժեղացված է Մեղրիում։ Այնպես որ պայմանագիրն ուժի մեջ է, գործում է։ Մնում է՝ Ռուսաստանի հետ գնահատատենք սպառնալիքները և որոշենք, թե ինչպես ենք այն կանխում»,- ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։