ՌԱԴԻՈ

ՌԴ–ին պաշտոնական նամակով դիմելն ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը. Պողոսյան

Թևան Պողոսյանը կարծում է, որ ժնևյան պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։
Sputnik
ՌԴ–ին պաշտոնական նամակով դիմելն ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը. Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը պաշտոնական նամակով Ռուսաստանի Դաշնությանը դիմելն ավելի կարևոր է համարում, քան Ժնևի հանդիպումը, որովհետև, նրա խոսքով, որևէ մեկը պատրանքներ չուներ, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները։

«Հանդիպման արդյունքները նույնն էին, ինչ նախկին բոլոր քննարկումներում։ Կա ինչ–որ փաստաթուղթ, որի վրա միգուցե ապագայում պատմության մեջ կասեն` նայեք` փորձեր ենք ունեցել։ Բայց քանի որ մենք այս պահին խոսում ենք արդեն այն փաստից հետո, երբ նույն այդ հանդիպումից հետո կրակել են Ստեփանակերտի շուկայի ու Շուշիի վրա, հանդիպման արդյունքը գնահատում եմ` կրակելը Ստեփանակերտի շուկայի վրա»,– մեկնաբանելով Ժնևում կայացած Մնացականյան–Բայրամով հանդիպումը` Sputnik Արմենիային ասաց Պողոսյանը։

Նշենք, որ Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան

Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի` այդ պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։

«Եթե կպնի` պատահաբար է կպել, դա կոնկրետ թիրախավորած չէր։ Որ հարցնես, ադրբեջանցիներն ասելու են` դե, ուզում էինք ուրիշ տեղ կպնել, այդտեղ կպանք, ներողություն։ Մոտավորապես այսպիսի մի բան։ Կամ եթե վաղը մերոնք էլ կրակեն, նույն կերպ կարող են պատասխանել` դուք մեզ հարցնում եք` նպատակաուղղված թիրախավորե՞լ եք, մենք ասում ենք` ո՛չ, պատահաբար է ստացվել, ու թեման փակվում է»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված էր նաև, որ համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

«Ես շատ ուրախ կլինեի նման աշխատանքի համար, երբ Ստեփանակերտի շուկայի վրա առաջին իսկ կրակոցից հետո, լուսանկարների հրապարակումից նույնիսկ մեկ րոպե չանցած իրենց օգնականները արթնացնեին մարդկանց տարբեր ժամային գոտիներում և ասեին` դե, հիմա հայտարարություն արեք։ Ես կհասկանայի, որ իրենք շատ ակտիվ աշխատում են։ Այլ պարագայում ակտիվ աշխատանքներն ի՞նչ է` սկանդինավյան խաղաղապահներին բերելու խնդիրն է, որ քննարկվում է, թե ինչ–որ այլ բաներ... Կան գործիքակազմեր, որոնցով իրենք կարող են ազդել»,– ասաց Պողոսյանը։

Հայաստանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. Տողանյան

Նրա խոսքով` ոնց որ թե բոլորն էլ գիտեն, որ այնտեղ կան միջազգային ահաբեկիչներ` ոչ մի բան չեն անում, բոլորը գիտեն, որ դա Թուրքիայի ներգրավվածությունն է` ոչ մի պատժամիջոց, ոչ մի հայտարարություն Թուրքիայի դեմ։

«Դեռ հակառակը` թուրքերն են վախեցնում, հրաման են տալիս, գնում, եկեղեցում մարդու վիզ են կտրում Եվրոպայի մեջտեղը քսանմեկերորդ դարում»,– նշեց Պողոսյանը։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարն այս պարագայում մատնանշում է դիվանագիտական դաշտում պատերազմի յուրահատկությունների հանգամանքը։ «Այո՛, նրանք աշխատում են իրենց շահերից, կարողություններից ելնելով, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր հայրենիքում պատերազմ է, մենք մեր Հայրենական պատերազմը պետք է տանենք։ Եվ ինձ համար, օրինակ, շատ ավելի հետաքրքիր ու կարևոր լուր էր, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական նամակով դիմեց Ռուսաստանի Դաշնությանը։

Պողոսյանի խոսքով` Ռուսաստանին պաշտոնական նամակով դիմելը ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը։