Արցախի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում. Փաշինյանը` Al Arabiya–ին

Արցախահայությունն ընտրել է անկախացման ճանապարհը, որովհետև «գոյութենական վտանգ» է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե անկախության է ձգտել ուղղակի քմահաճույքի համար, այլ պարզապես Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքն ունեցել է գոյութենական վտանգի խնդիր։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում։ Նա ընդգծել է՝ գոյութենական վտանգը նախ արտահայտվել է մշակութային ցեղասպանության երևույթներով, 1988 թվականի խաղաղ պայքարից հետո՝ արդեն բռնություններով, 1991 թվականից հետո՝ արդեն լիարժեք ռազմական հարձակմամբ:

Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից արցախյան տարածքներ գրավելը որպես «ազատագրում» ներկայացնելուն, վարչապետ Փաշինյանը նշել է՝ սա նշանակում է «Ղարաբաղն առանց հայերի»։

«Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ` նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պատերազմի սկզբից մինչև հիմա հրթիռակոծվում են Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը։

Եթե ռազմական բախումները տեղափոխվեն ՀՀ տարածք, ՌԴ–ն կօգնի. Փաշինյանի նամակի պատասխանը

«Ըստ էության` բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը, ընդգծեմ, միշտ եղել է բնակչության 80 և ավելի տոկոսը, չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում: Չի կարող գոյություն ունենալ»,- շեշտել է նա։

Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ահաբեկիչներ և ահաբեկչական մեթոդներ են կիրառվում։

Փաշինյանի խոսքով՝ նաև այս փաստարկով է լրացվում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, որը միջազգային իրավունքի մեջ ընդունված է ձևակերպել որպես «անջատում հանուն փրկության»:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին