Օպերային թատրոնի բեմը քողարկող ցանցերի «արտադրամաս» է դարձել. լուսանկարներ

Երբ պատերազմն ավարտվի, բեմում կրկին արվեստը կթևածի, իսկ հիմա արտիստները փորձում են հաղթանակն իրենց ջանքերով էլ մոտեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը բազմամարդ է, աշխատանքն էլ՝ անսպառ։ Միայն թե այս անգամ հերթական ներկայացմանը չեն պատրաստվում։ Թատրոնի բեմը քողարկող ցանցեր պատրաստելու վայր է դարձել։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ֆոտոշարք է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են թատրոնի տարբեր աշխատակիցները, դերասանները կազմակերպված աշխատում։ Աշխատանքի բաժանում է արվել, մի քանիսը կտոր են կտրատում, մյուսներն ամրացնում են պարանի վրա և այսպես շարունակ։

Նշենք, որ պատերազմի հենց սկզբից հայաստանյան տարբեր հաստատություններ, այսպես ասած, վերապրոֆիլավորվեցին՝ իրենք ջանքերն ուղղելով առաջնագծին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տարբեր մասնագիտության կանայք՝ գրողներ, իրավաբաններ, թարգմանիչներ, հավաքվում են Գրողների միությունում ու քողարկող ցանցեր գործում։ Քողարկող ցանցերի «արտադրամաս» է գործում նաև «Արեգնազան» կրթահամալիրում։