«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել

Հայ ֆուտբոլիստը շարունակում է իր միջազգային ճանաչվածությունն օգտագործել` աշխարհին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի մասին պատմելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախում շարունակվող պատերազմի վրա։ Facebook-ի իր էջում նա հերթական գրառումն է արել՝ պատմելով խաղաղ բնակչության դեմ իրականացվող ագրեսիայի մասին։

Նա կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը։

«Արցախի հայերը խաղաղություն են ուզում: Հակամարտության սրման, ինչպես նաև հայ անմեղ քաղաքացիների շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի լույսի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը»,- գրել է հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստը։

Նշենք, որ պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանն իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Նա պարբերաբար սոցիալական ցանցերի իր էջերում գրառումներ է անում, լուսանկարներ հրապարակում՝ միջազգային հանրությանը կոչ անելով շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին