ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի երկու նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա կազմակերպելու որոշումը ճիշտ և հասուն որոշում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Միայն ՌԴ–ն է հետաքրքրված այն հարցում, որ Հայաստանը պահպանի իր ազգային պետականությունը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ էլիտայի այն հատվածը, որն այդ ամենը հիանալի հասկանում էր, հասկանում է և զգուշացնում էր այդ մասին, պետք է միավորի իր ջանքերը և երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը պետք է վերականգնել այն սկզբունքով, որը դեռ 90-ականներին նշվում էր Դեմոկրատական կուսակցության ծրագրում։
«Մենք ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է այնքան զարգանան, որքան դա հնարավոր և նպատակահարմար է։ Իսկ Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք չենք խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-նշեց Սարգսյանը։
Հենց այդ սկզբունքը պետք է այսօր հիմնարար լինի, որպեսզի Երևանը դաշնակցի հետ բացարձակ վստահելի հարաբերություններ ունենա։
«Ես իմ աղբյուրներով գիտեմ և կհամարձակվեմ հավատացնել, որ եթե Հայաստանի կողմից նման քաղաքականություն իրականացվի, իրավիճակը կտրուկ կփոխվի»,-վստահեցրեց Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմեկնեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու։ Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասել էին նրան, որ Հայաստանի նախկին նախագահները ցանկություն ունեն Մոսկվա մեկնելու` ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախի իրավիճակը և ներկայիս իրավիճակից դուրս գալու հստակ առաջարկներ քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնեց, որ վարչապետը համաձայնել է այդ առաջարկին։
Հետո հայտնի դարձավ, որ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա, որովհետև վարակվել է կորոնավիրուսով։