«Պետք է սպանենք հայերին» գրառման համար ՀՖՖ–ն պահանջում է պատժել ադրբեջանական «Ղարաբաղին»

Ֆեդերացիան արդեն մի շարք բողոքներ է հղել ՈւԵՖԱ, որոնք այս պահին քննվում են կարգապահական և էթիկայի կոմիտեում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից։ Տեղեկությունը հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչներն արդեն մոտ մեկ ամիս է՝ ռազմականացված և քաղաքականացված կեցվածք են ի ցույց դնում։ Սակայն այս անգամ նրանք ավելի հեռու են գնացել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է սոցցանցերից մեկում «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գրառմանը։ Նա կոչ է արել սպանել բոլոր հայերին։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

«Մենք պետք է սպանենք հայերին։ Երեխա, կին, ծերունի, բոլորին պետք է սպանել: Ոչ մի խղճահարություն, ոչ մի կարեկցանք»,- գրել է նա։

Իր գրառման մեջ Իբրահիմովը նաև արդարացրել է Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը։ Թեպետ նա արդեն ջնջել է իր գրառումը և այն փորձել արդարացնել որպես «էմոցիաների պոռթկում», սակայն հազարավոր օգտատերեր screenshot-ապացույցներ ունեն։

«Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների` «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանության իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում»,- նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

Իվետա Մուկուչյանը պատասխանել է ադրբեջանցի երգչուհուն

Ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով պատժել ինչպես Իբրահիմովին, այնպես էլ ադրբեջանական ակումբին։

«Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»,- ընդգծում է ֆեդերացիան։

Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: ՀՖՖ տեղեկացմամբ՝ բողոքների մեծ մասն այս պահին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: