Հայաստանին փոխանցված 29 զոհված զինծառայողների մարմիններն արտաքին զննության են ենթարկվել

ԿԽՄԿ-ի ջանքերով վերադարձված տարեց կինը ճանաչվել է որպես տուժող։ Նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները մասնակցել են ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինձ շան նման էին վերաբերվում. գերությունից վերադարձած կինը սարսափելի մանրամասներ է պատմում

«Նրանք տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վարույթն իրականացնող մարմինը տուժող է ճանաչել ՀՀ վերադարձված քաղաքացիական անձին, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։

Հիշեցնենք` Ադրբեջանը զինծառայողների դիերը Հայաստանին է փոխանցել հոկտեմբերի 29-ին։ Հայկական կողմին են փոխանցել նաև հադրութցի 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որին գերի էին վերցրել ադրբեջանական ուժերի հարձակման ժամանակ։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։