ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Պայմանավորվածության մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Ինձ շան նման էին վերաբերվում. գերությունից վերադարձած կինը սարսափելի մանրամասներ է պատմում

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Առանց վնաս հասցնելու կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել։

«Կողմերը միտումնավոր հարձակումներ չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին՝ աջակցության համար անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։  Կողմերը պետք է նաև մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը` նրանց տեսակցելու և հետագայում փոխանակելու համար։ 

Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

Կողմերը պետք է նաև հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված գրավոր մեկնաբանություններ ներկայացնեն։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։