ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր իսկ պարտավորությունները։ Twitter–ի իր էջում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը` չհարձակվել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է ռմբակոծել Շուշին և Ստեփանակերտը»,–գրել է Փաշինյանը։
Նա հայտնել է նաև, որ Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի գլխավոր թշնամին ու թիրախն է։
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Այսօր առավոտյան ՊԲ–ն հայտնեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան, ինչի հետևանքով ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս է պատճառվել խաղաղ բնակչությանը:
Պայթյունի հետևանքով ավերվել է նաև բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին