Թբիլիսին պատրաստ է պայմաններ ստեղծել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև մարդասիրական փոխանակման համար

Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գերի վերցված 85-ամյա Եվգենյա Բաբայանի փոխանցումը Հայաստան իրականացվել է վրացական կողմի աջակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանը պատրաստ է հետագայում էլ մարդասիրական միջանցք տրամադրել հակամարտող Հայաստանի ու Ադրբեջանի համար՝ նրանց համաձայնությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Արտգործնախարարությունում նշեցին, որ վրացական կողմի աջակցությամբ հոկտեմբերի 29-ին հաջողվել է Ադրբեջանից Հայաստան տեղափոխել տարեց կնոջը (85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը գերի էր ընկել – խմբ․)։

Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ աջակցությամբ, հայկական ու ադրբեջանական կողմերի համաձայնությամբ իրականացվել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների դիերի փոխանակումը։ ԱԳՆ-ից հայտնել են, որ համաձայնությունը նախատեսում էր նաև հակամարտության ընթացքում գերի ընկած երկու քաղաքացիական անձանց փոխանակում, որն իրականացվել է վրացական կողմի աջակցությամբ։

Արդյունքում տարեց կինը Վրաստանի տարածքով Հայաստան է բերվել։

«Վրացական կողմը ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով աջակցել տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացմանը, նաև հակամարտող կողմերի համաձայնությամբ ապագայում մարդասիրական միջանցքի տրամադրում ապահովել», - հայտնեցին Վրաստանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը։

Մեկ այլ տարեց գերու` 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն՝ տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։ Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։