Զգուշացում. սոցիալական կայքերում շարունակում են վտանգավոր տեղեկություններ հավաքել

Facebook-ում կրոնական քարոզիչ ներկայացող անձը տեղեկություններ է հավաքում առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik.ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին:

«Մասնավորապես, Facebook–ի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ»,– գրում է ԱԱԾ–ն:

Ծառայությունը նաև հիշեցնում է, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

ԱԱԾ–ն հանրությանը ևս մեկ անգամ հորդորում է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց: