Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հարցերին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին։ Վարչապետը հիշեցրել է` միակ երկիրը, որը հանդես է եկել խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով, Ռուսաստանն է:

Չի բացառվում, որ խաղաղապահները կտեղակայվեն առանց Ադրբեջանի համաձայնության. Միքայելյան

Փաշինյանը շեշտել է, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

«Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները (այդ թվում՝ ռազմական) կկատարեն»,– ասել է Փաշինյանը։

Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին

Նա նաև շեշտել է, որ օպտիմալ լուծումն, իր կարծիքով, ռուս խաղաղապահների տեղակայումն է:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման հարցում Իրանի դերին` Փաշինյանն ասել է, որ Իրանը հարևան և բարեկամ երկիր է, որի ղեկավարության հետ ինքը մշտապես կապի մեջ է։

«Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցներին նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր, ըստ էության, դարձել է հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, ուստի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանաձևն, իր համոզմամբ, պետք է դառնա «անջատում հանուն փրկության» միջազգային իրավունքի նորմը:

Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

«Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով: Որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին