Արցախի նախագահը Կարեն Սարգսյանին շնորհել է գեներալ-մայորի կոչում

Այս օրերին ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով երկու փրկարար են զոհվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է:

Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ

Օրվա կապակցությամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Հարությունյանը միաժամանակ հայտնում է, որ այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են։

Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն էլ իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել` ասելով, որ այսօր տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը:

«Արցախի փրկարարներն այս դժվար օրերին ավելի քան երբևէ, հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին: Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար»,–ասել է նա իր ուղերձում։

Սարգսյանը հավելել է` հպարտ է, որ ունի նման համածառայակիցներ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հայտնել էր, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին։ Ադրբեջանի կրակոցների հետևանքով 5 աշխատակիցներ վիրավորվել են, երկուսը` զոհվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին