ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ

Հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։ 84-ամյա Միշա Մելքումյանն Ադրբեջանում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անում է հնարավորը Ադրբեջանում մահացած հայ գերի 84-ամյա Միշա Մելքումյանի դին հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխելու համար։

Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Չեմ կարող ասել, թե երբ կստացվի տեղափոխել, բայց գործընթացն արդեն սկսված է, կողմերի միջև աշխատանքները տարվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։

Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին. ՄԻԵԴ–ի վերջնաժամկետը լրացել է

Իսկ 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն՝ տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։

Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին