ՀՀ–ում դատապարտյալներ են ազատ արձակվել առաջնագիծ մեկնելու համար

Դատախազությունից հայտնում են, որ խնդրի նրբությունը հաշվի առնելով` խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ավելի քան 10 կալանավոր ազատ են արձակվել առաջնագիծ մեկնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«12 կալանավորի խափանման միջոցը փոխվել է, իսկ չորս դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատ արձակվել` ռազմաճակատ գնալու նկատառումով։ Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում` խնդրի նրբությունը հաշվի առնելով»,- ասաց նա։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իսկապես մի շարք դատապարտյալներ դիմումներ են ներկայացրել առաջնագիծ մեկնելու համար, սակայն չնշեցին, թե քանի մարդ է նման դիմում ներկայացրել, և որ հոդվածներով են նրանք դատապարտված։

Մեր տեղեկություններով` դիմում գրածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, նրանք հիմնականում ուժային կառույցների նախկին աշխատակիցներ են, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ։

Քննչական կոմիտեի նախագահը 180 աշխատակցի հետ առաջնագիծ է մեկնում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին