ԵՄ-ն ևս 400 հազար եվրո է հատկացրել ԼՂ հակամարտության գոտու խաղաղ բնակիչներին օգնելու համար

Պարենային փաթեթներ և այլ անհրաժեշտ պարագաներ կտրամադրվեն նրանց, ովքեր պատերազմի հետևանքով փախստական են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական Միությունը ևս 400 հազար եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակչությանն օգնելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական կայքում։

Գումարը տրամադրվում է որպես մարդասիրական օգնություն՝ տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքների բավարարման համար:

Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք արդեն խաղաղ բնակիչների կյանքեր են խլել։ Մենք խիստ անհանգստացած ենք հումանիտար իրադրության վատթարացմամբ՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռն ու կորոնավիրուսի համավարակի սրացումը», - հայտարարել է ԵՄ-ի ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Անհապաղ օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային: Հատկացված գումարի շնորհիվ Հայաստանի Կարմիր խաչն ու Ադրբեջանի Կարմիր մահիկը պարենային փաթեթներ, տաք վերմակներ, հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ միջոցներ կբաժանեն այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել փախչել մարտական գործողությունների տարածքից։

Այսպիսով, հոկտեմբերի սկզբից ԵՄ-ն արդեն 900 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին