ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Տոնոյանը շեշտել է՝ հայկական ուժերն ունեն իրենց առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ։ Ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը՝ նախարարը նշել է, որ դա հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման դեպքում:
Դեսպանը Լաքոտը նույնպես ընդգծել է հրադադարի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։ Նա նաև շեշտել է բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու կարևորությունը։
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ավելի վաղ Դավիթ Տոնոյանն ընդունել էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։