Ահաբեկչությունը սահման չունի. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ Էմանուել Մակրոնին

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Ֆրանսիան նաև այս մարտահրավերը կհաղթահարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։ Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը ցավակցել է պաշտոնակցին Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին

«Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը»,- նշված է նախագահի ցավակցական ուղերձում։

Արմեն Սարգսյանը նշել է, որ այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք։ Նախագահն ընդգծել է՝ ահաբեկչությունը, արմատականությունն ու մոլեռանդությունը սահմաններ չունեն։ Դրանք լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար, ուստի անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը՝ այդ աղետի դեմ պայքարելու համար:

«Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք: Լինենք ուժեղ և միասնական՝ պաշտպանելու խաղաղության, հանդուրժողականության և ազատության արժեքները»։

Արմեն Սարգսյանը արիություն է մաղթել ֆրանսիացի բարեկամ ժողովրդին և համոզվածություն հայտնել, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, կհաղթահարի նաև այս մարտահրավերը։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։ Հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։