«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին

Ռուսաստանի նախագահը խոսել է հակամարտության կարգավորման ուղիների մասին՝ ընդգծելով, որ սա շատ բարդ հանգույց է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային համաժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ

«Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ մահերին, նստել բանակցությունների սեղանի շուրջ, գտնել կոնսենսուս ու շահերի հավասարակշռություն նախկինում կատարված աշխատանքի և այն առաջարկների հիման վրա, որոնք ձևակերպվել են Մինսկի խմբի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից»,- ասել է Պուտինը` նշելով, որ այդ գործընթացին պետք է մասնակցեն նաև Մինսկի խմբի մյուս անդամները, որոնց շարքում եվրոպական մի շարք երկրներ կան։

Պուտինի խոսքով`Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը սկսվել է էթնիկ բախումներից։ Խորհրդային Միության ղեկավարությունն այն ժամանակ ոչ մի գործուն միջոց չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, և հայերը զենք են վերցրել: Դա հանգեցրել է նրան, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջանները հայտնվել են Հայաստանի վերահսկողության տակ։

«Ադրբեջանն ասում է, որ այդ 7 շրջանները կապ չունեն ո՛չ էթնիկ հակամարտության, ո՛չ էլ Հայաստանի հետ, դա բուն ադրբեջանական տարածք է։ Եվ ասում է ՝ մենք իրավունք ունենք վերադարձնելու այդ տարածքները։ Դուք հասկանում եք` յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը։ Այստեղ պարզ լուծումներ չկան, քանի որ շատ բարդ հանգույց է», - ասել է ՌԴ ղեկավարը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին